Հայաստանի Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, կքննի «Մատաղիսի» գործով արդարացվածների բողոքն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հելսինկյան քաղաքցիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին եւ Ռազմիկ Սարգսյանին,, երկարատեւ դատավարական գործընթացներից հետո, առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ եւ արդարացրեց: Սպասված եւ արդարացի դատավճռի հրապարակման հետ սակայն ոչ բոլորն էին համաձայն: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույն օրը www.aravot.am եւ www.lragir.am լրատվական էլեկտրոնային էջերին տված իր հարցազրույցներում չի համաձայնել դատարանի կայացրած որոշման հետ ասելով. «Դրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
2013 թ. հունվարի 15-ին Ա. Զալյանի, Մ. Սերոբյանի եւ Ռ. Սարգսյանի կողմից ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողության խնդրելուն պարտավորեցնելու մասին: Այս հայցադիմումը, սակայն, դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորելու պահանջ, պետք է ուշադրության արժանացնել հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում: Ինչպես նաեւ դատարանը պատճառաբանել է, որ դիրքորոշումը հայտնելու ժամանակ արդարացման դատավճիռը օրինական ուժ ստացած չի եղել: Այս եւ այլ փաստերը հիմք ընդունելով, դատարանը 2013 թ. հուլիսի 16-ին մերժել է հայցը:
Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը 2013 թ. հուլիսի 19-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք, ներակայացնելով, որ դատարանի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներ: Վերաքննիչ բողոք հիմավորվել է նաեւ այն փաստով, որ «Մատաղիսի գործ» արտահայտությունը ասոցացվում է Արայիկ Զալյան, Մուսա Սերոբյան, Ռազմիկ Սարգսյան անձանց հետ, հետեւաբար Գ. Ջհանգիրյանի արած արտահայտությունը եւ հնչեցրած կարծիքը կարող էր վերաբերվել միայն իրենց:
Բացի այդ, դատարանը գործի քննության ժամանակ հիմնվել է «Իրավունք» թերթի հրապարակման վրա, որը սակայն ո՛չ հայցվոր, եւ ո՛չ էլ պատսխանող կողմերի գործի վերաբերյալ ներկայացրած նյութերում չի եղել: Այսպիսով, դատարանը հղում է կատարել մի ապացույցի, որը դատարանում չի հետազոտվել, անգամ չի եղել ապացույցների շրջանակում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացրել ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:





























