Առաջիկա օրերին Արարատի նախկին մարզպետ, իսկ այժմ արդեն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանն կանցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդիկ Բարսեղյանը:

Նա նշեց, որ մարզպետի աշխատանքից ազատվելու նպատակով դիմում գրելիս չգիտեր նոր աշխատանքի մասին: «Վլադիմիր Գասպարյանը առաջարկել է, հրավիրել իր մոտ, ես էլ համաձայնել եմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տարիքի պատճառով մարզպետի պաշտոնից հրաժարական տալուն, եւ արդյոք այդ հանգամանքը չի խանգարի նոր աշխատանքին, ոստիկանապետի ավագ խորհրդականը շեշտեց, որ տարիքը չի որոշում մարդու աշխատանքը, եթե մարդու մեջ կա էներգիա, եռանդ, ուրեմն՝ նա կարող է աշխատել, իսկ ինքը դեռ կարող է աշխատել։

Առավել եւս այս աշխատանքը նախկին մարզպետի համար նոր չէ: Նա 1970-2000թթ աշխատել է ոստիկանությունում, ինչպես ինքը նշեց՝ «շարքայինից մինչեւ գեներալ է հասել, ճանապարհապարեկային տեսուչից մինչեւ փոխնախարար»:

Նշենք, որ Էդիկ Բարսեղյանը եղել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: Նա ունի փրկարարական ծառայության գեներալ լեյտենանտի կոչում: