Ծաղկաձորում անց է կացվում Աշխարհաքաղաքական եւ ազգային ինքնության հարցերով միջազգային գիտա-գործնական կոնֆերանս, որին մասնակցում են հայ եւ ռուս գիտնականներ: Կոնֆերանսը սկսվել է հոկտեմբերի 14-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Կոնֆերանսի կազմակերպիչներն են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտը, Հայաստանի ԳԱԱ-ն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, Հարավային դաշնային համալսարանը, ԵՊՀ-ն:
NEWS.am-ին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը հայտնել է, որ մասնակիցները կայցելեն «Ծիծեռնակաբերդ», ծաղկեպսակներ կդնեն գեներալ Պասկեւիչի, Գրիբոյեդովի եւ Քանաքեռում կազակների հուշարձաններին:
Կոնֆերանսի համանախագահներն են պրոֆեսոր, Հարավային դաշնային համալսարանի ամբիոնի վարիչ, ՌԳԱ-ի Սոցիոլոգիայի ինստիտուտի Հարավռուսական մասնաճյուղի տնօրեն, ՌԴ-ի գիտությունների վաստակավոր գործիչ Յուրի Վոլկովը, ՌԳԱ-ի ակադեմիկոս, ՌԳԱ-ի Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գորշկովը, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի սոցիոլոգների կազմակերպության նախագահ Գեւորգ Պողոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հարավային դաշնային համալսարանի դեկաններից Անտոն Սերիկովը:
Կոնֆերանսի մասնակիցները կայցելեն նաեւ Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրեր:





























