Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի ազատագրության համար մարտնչած Սեդրակ Սարոյանը ծանոթ չէ Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին, բայց կոչ է անում չշտապել քննադատել նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Սարոյանը:
Հարցին, թե այդ նամակում խոսվում է Գյուլիստանի պայմանագրին վերադառնալու եւ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում լինելու մասին, ինքն ինչ է կարծում, առավել եւս, երբ այդ հողերի համար անձամբ է պայքարել, Սարոյանը պատասխանել է. «Մեր ազգը խասյաթ ունի, որ կարող է խոսքը սենց ֆռցնի, նենց ֆռցնի, հիմա մեզի Ղարաբաղի անկախություն է պետք, մենակ էդ Ադրբեջանից պրծնենք, հիմա ես որ կարդացած լինեի, ինչ-որ մի բան կհասկանայի, բայց որ չեմ կարդացել, չեմ կարող ասել:
Զորի Բալայանը ոչ պակաս հայրենասեր եւ կռված մարդ է, քան ես կամ մեկ այլ մյուսը, Զորի Բալայանը հենց ընենց Ղարաբաղը ոչ մեկին չի տա, ուրեմս ինչ-որ մի բան կա, մի հատ որ խորը նայես, ինչ-որ մի բան կա էլի, մի ուժ գտել է, մի հատ լույս է տեսել, որ Զորին այդպես է ասել, որովհետեւ Զորին շատ մեծ մարդ է, մեծ ղարաբաղցի է ու մեծ հայ, ես ու դու դնենք Զորիին քննադատենք որպես հայրենասերի, մի քիչ իմ ու քո կողմից շատ սխալ կլինի:
Հետո Ռուսաստանից հետ վերցնել մեր հողերը ավելի հեշտ է, քան թե թուրքերից, որովհետեւ ռուսը մեր ոխերիմ թշնամին չէ, ռուսը մեր բարեկամն է: Ինչ-որ մի հետաքրքիր թեմա կա, որ Զորի Բալայանը, եթե բաց նամակ է գրել, ինքը խելացի մարդ է, աքսակալներից մեկն է, չի կարելի վատ տրամադրել, մենք մի քիչ դիվանագետ պետք է լինենք, էսքան վախտ մեր ազգը տուժել է, որովհետեւ դիվանագիտություն չունենք:
Հիմա մենք դնենք մեր աքսակալին վարկաբեկենք ու փչացնենք, դա հնարավոր չէ, որովհետեւ Զորի Բալայանից ավելի մեծ ղարաբաղցի ես չեմ էլ իմանում, մեր դեդն է, մի բան մտածել է, մի խելոք բան մտածել է, արեք չփնովենք մարդուն, հասկանանք իմաստը ինչ է: Ես գիտեմ, որ ինչ-որ մի լույս տեսել է, եթե այսքան տարիների մեջ մտածել է նման նամակ գրել, ուրեմն մի լույս տեսել է: Ես լավատես մարդ եմ:
Մենք արյուն ենք թափել, ընկերներ ենք կորցրել, էդ մեր եղածը վերցրել ենք, զինվորական ենք եղել, արել ենք մեր գործը, բայց հիմա պալիտիկների խնդիրն է, պալիտիկայի խնդիրն է, որ ճիշտ պալիտիկա տանեն, որ էդ մեր հողերը սաղ պետությունները ճանաչեն:
Հիմա եթե Ռուսաստանի նման հզոր պետությունը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, թեկուզ ինչ-որ մի ժամանակ Ռուսաստանի կազմի մեջ, Ռուսաստանը Ղարաբաղից ոչ մի բան չունի տանելու, հասկանում ես, ոչ մի խնդիր չունի, Ղարաբաղին իրեն կապող ոչ մի բան չկա, եթե վերցնի դաժե իր հովանավորությանը տակ, հետագայում մի հատ կարմիր լենթ կկապի, որ Հայաստան, միացիր Ղարաբաղին, դուք իրար հետ ավելի ամուր կլինեք, իմ եղբայրներն եք էլի»,- պատասխանեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Զորի Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ է բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին, ըստ էության, կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ վերջապես այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: «Բոլորս պետք է վերադառնանք այն միակ ճանապարհին, որն իր սկիզբն էր առել Ղարաբաղյան Գյուլիստանից: Պայմանագիրը, կրկնում եմ, ստորագրվել է հավերժական ժամանակների համար»,- նշել է նա իր նամակում։





























