Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացասական եզրակացություն կտա պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը` «Արտարժույթի մասին» օրենքի հետ կապված: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Բագրատյանի առաջարկով՝ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է արգելվեն արտարժութային գները` ելնելով ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
ՀՀ ֆինանսների նախարարության պատրաստած պատասխանում նշվել է, որ ՀՀ կառավարությունը նույնպես մտահոգ է դոլարիզացիայով, սակայն գործող օրենքն առանց այն էլ պարտավորեցնում է գնանշումներն իրականացնել դրամով (խոսքը վերաբերում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքին):





























