Հրազդան քաղաքի բնակիչ 29-ամյա Մհեր Կոկորյանը գիշերով ընտանիքի անդամներին դուրս է հանել տնից եւ հարձակվել օգնության շտապած ոստիկանների վրա: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Մհեր Կոկորյանը գիշերը Հրազդան քաղաքի իրենց բնակարանում, վիճաբանել է ընտանիքի անդամների հետ եւ վերջիններիս դուրս է հանել բնակարանից, որից հետո նրա մայրը` Նեկտար Մ.-ն զանգահարել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ տեղեկացրել կատարվածի մասին: Ահազանգի հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է  նրանց տուն:

Հանդիպելով հասարակական կարգը խախտած Մհեր Կոկորյանին, որը շենքի բակում շարունակել է վիճաբանել մոր հետ, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, ոստիկանները փորձել են կարգի հրավիրել վերջինիս, սակայն նա չի ենթարկվել, դիմադրություն է ցույց տվել եւ պոկել է օպերատիվ խմբի անդամներ ոստիկանության Հրազդանի բաժնի ավագ տեղամասային տեսուչ Արթուր Պետրոսյանի եւ տեղամասային տեսուչ Վոլոդյա Բաբայանի ուսադիրները:  Քրեական գործ է հարուցվել 316  հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: