17-ամյա անչափահաս Ա. Բ-ն թալանել է դպրոցի տնօրենի կաբինետը եւ իր հետ ժամադրության եկած աղջկա բնակարանի զարդերն ու գումարները: Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 17-ամյա անչափահաս Ա. Բ-ն հրելով բացել է Երեւան քաղաքի Ազատության փող. 2-րդ նրբանցքի 9 հասցեում գտնվող «Ֆիմաթեմատիկական» թեքումով դպրոցի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, մտել տնօրենի աշխատասենյակ եւ գաղտնի հափշտակություն կատարել: Նա գողացել է  225.000 ՀՀ դրամ արժողությամբ «Դեու» մակնիշի հեռուստացույց, 100.000 ՀՀ դրամ արժողության «Յունիփոմփ» նոթբուք համակարգիչ, 80.000 ՀՀ դրամ արժողության  «Քենոն» ֆիրմայի պատճենահանման սարք եւ 30.000 դրամ արժողության հուշամեդալ, պատճառելով զգալի չափի՝ 435.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նա Աբովյան փողոցի «Վոյաժ» սրճարանում, իր ծանոթ Տաթեւիկ Ա-ի հետ հանդիպման ժամանակ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, սեղանի վրայից աննկատ վերցրել է վերջինիս  բնակարանի մուտքի դռան բանալիները, մտացածին պատրվակով դուրս եկել սրճարանից, գնացել նրանց բնակարան եւ հիշյալ բանալիներով մուտք գործել ներս եւ տիրացել խոշոր չափի՝ 1.521.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերին, 144.500 ՀՀ դրամ արժողության արծաթյա զարդերին, 20.000 դրամ արժողության բիժուտերիային եւ այլ իրերի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Քրեական գործ է հարուցվել 177  հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-177    հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց է ընտրվել գրավը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: