Արմավիրի մարզի «Կարմիր» կոչվող կամրջից նետված 20-ամյա Ք. Ի.-ն մատուցողուհի է եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա հարեւաններից:
Նրանք պատմել են, որ Ք. Ի.-ի հայրն ու մայրը հարբեցողներ են եղել, ինչը աղջիկը շատ ծանր է տարել, չի բացառվում, որ ինքնասպանության պատճառը դա է եղել:
Ավելին` հարեւանները նշել են, որ այդ օրը Ք. Ի-ին անգամ աշխատանքից դուրս գալիս պայուսակը չի վերցրել ու առավոտյան նրան հայտնաբերել են կամրջի տակ: Ի դեպ, նա ամուսնացած չի եղել, սակայն զինվորական ընկեր է ունեցել: Ոստիկանությունից էլ տեղեկացանք, որ դատաբժշկական փորձաքննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզում գտնվող Կարմիր կոչվող կամրջի տակ աղջկա դի է հայտնաբերվել: Քաղաքացիները նկատելով դին ահազանգել են ոստիկաններին: Արմավիր քաղաքի բնակիչ Ք.Ի-ին 20 տարեկան էր: Թե ինչ հանգամանքներում է հայտնվել նշված վայրում, NEWS.am-ը փորձել էր ճշտել ոստիկանությունից: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարությունն ու դատաբժիշկ փորձագետները պարզել են, որ հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով կամրջից:





























