Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանի պաշտոնանկության մասին լուրերը թեեւ դեռ չեն հաստատվել, բայց նա պատրաստ է դրան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Հունանյանն ասաց, որ ինքը աշխատավայրում է, շարունակում է աշխատել: Նա նշեց, որ ոստիկանապետի հետ այդ թեմայով որեւէ խոսակցություն , քննարկում չի եղել, բայց իր համար սպասելի կլինի իր պաշտոնանկությունը:
«Ինձ դեռեւս հայտնի չէ, եթե անգամ ազատեն, որեւէ բան չկա, իհարկե, մի օր պետք է ազատեն: Ամեն ինչ նորմալ է, պետք է տեղը զիջել երիտասարդներին, պետք է գան աշխատեն, հավերժ չենք մնալու: 20 տարի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնն եմ զբաղեցրել, ինձ թվում է՝ բավական է»,- ասաց Հովհաննես Հունանյանը: Նա շեշտեց, որ իրեն աշխատանքից ազատելու մեջ վատ բան չի տեսնում, տեղը կզիջեն երիտասարդներին եւ կապը չեն կտրի ոստիկանությունից:
Աշխատանքից ազատվելուց հետո գեներալ-մայորը վայելելու է վաստակած հանգիստը: «Եթե կառաջարկեն այլ աշխատանք, կզբաղվենք, չէ վաստակած հանգստով կզբաղվենք»,- նշեց նա:
Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալներ Հովհաննես Հունանյանին եւ Սաշիկ Աֆյանին աշխատանքից ազատելու մասին լուրերն առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: Նրանք աշխատանքից կարող են ազատվել նախագահի հրամանագրով:
Իսկ Նախագահականի պաշտոնական կայքում առայժմ նման հրաման չկա, պաշտոնական մեկնաբանությունն էլ նման դեպքերում լինում է այսպիսին՝ «նման հրաման լինելու դեպքում պատշաճ կտեղեկացվեք»:





























