Թուրքական հայտնի «Գայլերի հովտի որոգայթը» ֆիլմի նկարահանող խումբը ցանկանում է ադրբեջանական ստերի հիման վրա Ղարաբաղի եւ Խոջալուի իրադարձությունների հետ կապված ֆիլմ նկարահանել։
Հեռուստասերիալի հերոսները ներկայումս գտնվում են Ադրբեջանում։ Նրանց ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները մեծ խանդավառությամբ են ընդունել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ հիշյալ հեռուստասերիալի պորդյուսերական Pana Film-ի ղեկավարներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ ցանկանում են ֆիլմ նկարել «Գայլերի հովիտը, Խոջալու», կամ «Գայլերի հովիտը, Ղարաբաղ» վերնագրով։
Նշենք, որ թուրք-իսրայելական հայտնի աթոռային ճգնաժամի պատճառը հենց «Գայերի հովտի որոգայթը» ֆիլմն էր։ Հունվարի 11-ին Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոն հրավիրել էր Իսրայելում Թուրքիայի դեսպանին եւ հանդիպման ժամանակ նրան նստեցրել ավելի ցածր աթոռի վրա, Իսրայելի բողոքը փոխանցել թուրք դեսպանին՝ թուրքական «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի կապակցությամբ, որտեղ իսրայելցի գործակալները ներկայացվում են որպես երեխաներ առեւանգողներ։
Հուսով ենք՝ ֆիլմի ղեկավարությանը կհասկացնեն, որ ադրբեջանական քարոզչության զոհը դառնալով, թուրք հասարակության մեջ կնպաստեն հակահայկական տրամադրությունների աճին, ինչը չի տեղավորում հայ-թուրքական հասարակությունների միջեւ երկխոսություն սկսելու գաղափարի մեջ։




























