ԱՊՀ երկրների նախարարների նիստի շրջանակներում Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կոնստանտին Գրիշենկոյի հանդիպումը։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը պարտականությունների կատարմանն անցնելու կապակցությամբ շնորհավորել է իր ուկրաինացի գործընկերոջը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների համագործակցության մակարդակը հետագայում ավելի կբարձրանա։
Կողմերը մտքեր են փոխանակել իրավական եւ միջազգային կազամակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ։ Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը մարտի 25-ին Մոսկվա էր մեկնել մասնակցելու ԱՊՀ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստերին։




























