23-ամյա Հայկ Միսակյանը դանակահարել էր ընկերուհուն զանգահարած եւ իրեն հայհոյած երիտասարդին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Հայկը 2013 թվականի հունիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին եւ տվել խոստովանական ցուցմունքներ այն մասին, որ 2011 թվականի հոկտեմբեր ամսից մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակչուհի Ելենա Միրզոյանի հետ։ 2013 թվականի հունիսի 15-ին` երեկոյան, ժամը 23.00-ի սահմաններում, ինքը Ե. Միրզոյանի հետ գտնվել է Աշտարակ քաղաքում։ Այդ ընթացքում Ե. Միրզոյանի բջջային հեռախոսահամարին անծանոթ համարից զանգել են, իսկ Ե. Միրզոյանը հեռախոսը փոխանցել է իրեն։ Մոտ 15-20 րոպե հեռախոսազրույց է ունեցել իր ընկերուհուն զանգահարած Գ. Ճուղուրյանի հետ, որի ընթացքում փորձել է պարզել, թե ինչու եւ ինչ նպատակով է զանգահարել իր ընկերուհուն, հեռախոսով վիճաբանել ու առաջարկել են հանդիպել, եւ իրար չհասկանալով` անջատել են հեռախոսը։
Հաջորդ օրը` հունիսի 16-ին Գ. Ճուղուրյանին հանդիպելու եւ նրա հետ ունեցած հեռախոսազրույցի շուրջ, ինչպես նաեւ` ընկերուհուն զանգահարելու թեման պարզելու նպատակով, զանգահարել է Գ. Ճուղուրյանին, որի ժամանակ պայմանավորվել են հանդիպել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում։ Նույն օրն իր համագյուղացի Ազատ Թարվերդյանի «ՎԱԶ 21 մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Ամբերդ գյուղ, որտեղ միայնակ իջել է ավտոմեքենայից, և ժամը 22:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի դիմացից դպրոցի ճանապարհին նրան ընդառաջ է եկել Գեւորգի եղբայր Սարգիս Ճուղուրյանը, որի հետ զրուցելով գնացել են կենտրոնական փողոց, լուսավոր տարածքում մոտ 15 րոպե զրուցել են նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազանգի թեմայով։ Այդ ընթացքում Գ. Ճուղուրյանը վազքով մոտեցել եւ վիճաբանել է իր հետ, որից հետո ապտակել ու քաշքշել են միմյանց։ Այդ ընթացքում Գ. Ճուղուրյանին են միացել իրեն անծանոթ չորս տղամարդիկ, որոնք Գեւորգի հետ քաշքշել ու հրել են իրեն, իսկ ինքն էլ` այդ պահին իր մոտ եղած դանակով հարվածել է Գեւորգ Ճուղուրյանին։
Դատարանը, քննելով գործը, հոկտեմբերի 14-ին դատարանը վճռել է Հայկ Միսակյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով։ Սակայն նրա նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ նրան ազատել նշանակված պատժից։





























