22-ամյա Ալբերտ  Թորոսյանը եւ  Սամվել Գեչեճյանը ոսկյա շղթան գրավադրել են, որ ընկերուհիների հետ գնան գիշերային ակումբ զվարճանալու, սակայն օրեր անց ընկերուհիներից մեկը ոսկյա շղթան գրավից հանել է եւ թանկ գնով վաճառել, ինչի համար տղաները նրան առեւանգել են հաշիվներ պարզելու համար: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

22-ամյա  Ալբերտ  Թորոսյանը  իրեն պատկանող 10.2 գրամ ոսկյա շղթան գրավատանը գրավադրել է տուժող Արմինե Ներսիսյանի անունով, վերցրել 35 հազար դրամ եւ իր ընկերների, ինչպես նաեւ տուժող Արմինե Ներսիսյանի եւ նրա ընկերուհու հետ գնացել են գիշերային ակումբ եւ ժամանակ անցկացրել։ Օրեր անց Արմինե Ներսիսյանն առանց  Թորոսյանի գիտության, գրավատանը վճարելով 35 հազար 575  դրամ, վերցրել է 102 հազար ՀՀ դրամ գնահատված ոսկյա շղթան եւ 110 հազար ՀՀ դրամով վաճառել իրեն անծանոթ քաղաքացու։

Թորոսյանը եւ Գեչեճյանն, իմանալով այդ մասին, 2013թ. մայիսի 1-ին գնացել են տուժող Արմինե Ներսիսյանի տուն, հանդիպել նրան, որից հետո ժամը 13.00-ի սահմաններում միասին գնացել են Երեւանի Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նարինջ» բար, որտեղ տուժող Արմինե Ներսիսյանն ասել է, որ ոսկյա շղթան հանել է գրավատնից եւ կորցրել։ Թորոսյանը եւ Գեչեճյանն այդ առիթով վիճել են Արմինե Ներսիսյանի հետ եւ նրան պարտադրել են իրենց հետ գնալ Երեւանի Վարդաշեն թաղամաս եւ դուրս են եկել բարից։  Տղաները առեւանգել են  Արմինե Ներսիսյանին ։

Քննելով գործը դատարանը վճռել է Ալբերտ  Թորոսյանին  եւ  Սամվել Գեչեճյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել  է պայմանական ազատազրկման չորս տարի ժամկետով։