Մարտի 26-ին շարունակվել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նույն օրը կայացել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը: Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսել է նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ:

Նիստի օրակարգը ներառել է ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգործակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման եւ մի շարք այլ հարցեր:

Նախարարները հավանության են արժանացրել եւ ԱՊՀ երկրների ղեկավարների հաստատմանն են ներկայացրել Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը: