Գրողների միության արտահերթ համագումարը, որն այսօր՝ հոկտմբերի 20-ին, քննարկում էր ԳՄ նախագահի ընտրության հարցը, ավանդույթի համաձայն, անցել է բուռն եւ թեժ, հաղորդում է Tert.am-ը:
Գրողների միության նախագահի թեկնածուները սկզբում 3-ն են եղել, որոնց ավելացել են եւս 2-ը:
Հիշեցնենք, որ ԳՄ հիմնական թեկնածուներ են՝ ԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, գրող Դավիթ Սարգսյանը եւ Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Նրանց այսօր ավելացել են գրող Վլադիմիր Հայրապետյանը, ով ինքնաբացարկ է հայտնել եւ կոչ արել քվեարկել հօգուտ Հովիկ Հովեյանի, եւ գրող Ռոմիկ Սարդարյանը:
Երկար գրողները վիճել են հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհել են, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա:
Այբբենական կարգով առաջինը ելույթ է ունեցել Վլադմիր Հայրապետյանը, այնուհետեւ` Հովիկ Հովեյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը:
Ընթացքում գրողներն իրար մեղադրել են ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ, նաեւ վեճ է ծագել հաշվիչ հանձնաժողովի կազմը ձեւավորելու կարգի շուրջ:
Ի վերջո, ձեռք է բերվել կոմպրոմիս, որ առաջադրված երեք թեկնածուները Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը եւ Դավիթ Սարգսյանը կներկայացնեն երկուական թեկնածու, մեկն էլ՝ յոթերորդ անդամն էլ կլինի երիտասարդ գրողների կողմից՝ Արքմենիկ Նիկողոսյանը:
Թեկնածուների նախընտրական ծրագրային ելույթներին հետեւել են գրողների ելույթները, իսկ քվեարկությունը տեղափոխված է ավելի ուշ։
Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգել են հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:





























