Քիչ առաջ ավարտվել է գրողների միության նախագահի ընտրությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ, հաշվիչ հանձնաժողովի տվյալներով՝ միության նախագահ է ընտրվել Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը:
Նա ստացել է 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4, ձայն: Անվավեր է ճանաչվել 7 թերթիկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գրողների միության արտահերթ համագումարն, ավանդույթի համաձայն, անցել է բուռն եւ թեժ մթնոլորտում:
Գրողները վիճել են հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհել են, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա:
Ընթացքում գրողներն իրար մեղադրել են ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ, նաեւ վեճ է ծագել հաշվիչ հանձնաժողովի կազմը ձեւավորելու կարգի շուրջ:
Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգել են հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը:
Նշենք, որ Գրողների միությունը ունի 520 անդամ:





























