Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ նշելով, որ դեռ բանակցություններ են ընթանում եւ չեն համաձայնեցված հիմնական սկզբունքները, որի հիման վրա պետք է հաշտության համաձայնագիր կնքվի: Իսկ այդ պայմաններում, միջազգային խաղաղապահների տեղակայման մասին խոսելը տեղին չէ: «Հայկական կողմը դեռ չի հստակեցրել, որ ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան նորացված սկզբունքները, ուստի դեռ վաղ է խոսել խաղաղապահների մասին»,- ասել է Փոլուխովը:
«Քանի դեռ առաջին փուլում չեն համաձայնեցվել բոլոր սկզբունքները եւ որոշված չէ խաղաղության համաձայնագրի ձեւաչափը, կարծում եմ, որ չարժե խոսել այն մասին, թե կլինե՞ն ընդհանրապես այդ միջազգային դիտորդները կամ խաղաղապահները: Ներկայացուցիչների կարգավիճակը եւ այն երկրները, որոնք կարող են մասնակցել այդ գործընթացին, դեռ չի քննարկվում: Այդ բոլորը բանակցությունների երկրորդ փուլի հարցեր են, որը կգա այն ժամանակ, երբ կավարտվի առաջին փուլը` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրումով»,- ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ հայկական կողմը պնդում է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, եւ Հայաստանը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք, եւ կան առաջարկներ, որոնք արվում են տարբեր կողմերից: Մադրիդյան նորացված սկզբունքներ՝ որպես այդպիսին, ըստ հայկական կողմի, չկան, որոնց իբր համաձայնել է Ադրբեջանը:




























