1963 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ուղեղը կարող էր գողանալ նրա եղբայրը՝ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին, ակրծում է ամերիկացի գրող Ջեյմս Սուոնսոնը: Այս մասին նա գրել է իր նոր գրքում՝ «Օրերի վերջը. Ջոն Քենեդիի դեմ մահափորձը»:

Գրողը համարում է, որ գողությունը կատարվել է Ռոբերտ Քենեդիի ասիստենտ Էնջի Նովելոյի օգնությամբ, գրում է Fontanka.ru-ն՝ վկայակոչելով The New York Post-ը:

Ջոն Քենեդիի ուղեղի անհետացումը, ինչպես նաեւ դիահերձման արդյունքները հայտնաբերվել են միայն 1966-ին: Հետաքննություն է սկսվել, բայց կորած ուղեղն այդպես էլ չի հայտնաբերվել: Հետաքննության ընթացքում, սակայն, ի հայտ են եկել ապացույցներ, որ Ռոբերտ Քենեդին առնչություն ունի սպանված նախագահի ուղեղի անհետանալու հետ:

Կան մի քանի վարկածներ, թե ինչու են գողացել Քենեդիի ուղեղը: Դրանցից մեկի համաձայն՝ ինչ-որ մեկը փորձել է թաքցնել, որ նախագահն սպանվել է առջեւից, այլ ոչ՝ հետեւից կրակոցի հետեւանքով, ինչպես նշվել էր պաշտոնական վարկածում: Ջեյմս Սուոնսոնի կարծիքով՝ Ռոբերտ Քենեդին փորձել է թաքցնել եղբոր հիվանդությունը կամ ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների օգտագործումը:

Հիշեցնենք, որ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերին, երբ բաց մեքենայով այցելություն է կատարել Դալլաս: Պաշտոնական վարկածի համաձայն՝ մարդասպանը Լի Հարվի Օսվալդն է, որն սպանվել է նախքան դատավարությունը: Նրան գնդակահարել են մեկ բանտից մյուսը տեղափոխելու ժամանակ: