Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը կարծում է, որ երկիրը վերականգնել պարտավոր են «այն երկրները, որոնք կործանել են Սիրիան»: Նա այդ մասին հայտարարել է «Ռուսիա ալ Յաում» հեռուստաալիքին:

Նրա խոսքով, երկրում այսքան ավերածություններից հետո, Սիրիայի սեփական միջոցները չեն բավականացնի վերականգնման համար: Դրա համար հարկավոր կլինի մոբիլիզացնել մասնավոր ռեսուրսները, այդ թվում՝ լրացուցիչները՝ փոխհատուցումների հաշվին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայի հարցերով «Ժնեւ-2» խաղաղ կոնֆերանսի հիմնական առաջնայնություններից պետք է լինի փոխհատուցումների վերաբերյալ հարցի քննարկումը:

Ջամիլը կարծում է նաեւ, որ երկրի վերականգնման հարցում պետք է ներառվեն «խոշոր կոռուպցիոներները, որոնք Սիրիայում քաոս են սերմանել», նրանք թե «սիրիական ռեժիմի, թե ընդդիմության շարքերում են»: