Արդյոք թափուր աշխատատեղերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն կա՞ որեւէ կայքում: Այդ հարցն այսօր՝ հոկտեմբերի 21-ին հետաքրքրում էր ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանին՝ «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ: Զարմանալիորեն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չէր հիշում՝ նման ամփոփ տեղեկատվություն հրապարակում ե՞ն, թե՞ ոչ, սակայն պատգամավորին խոստացավ անպայման հրապարակել:

Ա. Ասատրյանը նշեց, որ Զբաղվածության գործակալությունը աշխատանք փնտրողներին տեղեկատվությունը փորձում է հասցնել հիմնականում լրատվամիջոցների միջոցով:

Ա. Ասատրյանի խոսքով՝ մեր երկիրը դասվում է ծերացող երկրների շարքին, ուստի կառավարությունը մշակում է ծրագրեր՝ ծերերին հասարակությունում առավել ակտիվ լինելու հնարավորություն տալու համար: «Նախատեսվում է տարեցներին ընդգրկել այնպիսի ծրագրերում՝ հատկապես մարզերում, որոնց շրջանակներում նրանք կկարողանան իրենց փորձը փոխանցել երիտասարդներին: Մասնավորապես խոսքն արհեստների բնագավառի մասին է»,- ասաց Ա. Ասատրյանը: