Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս պահին դեռ չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարականը: Այս մասին նա նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Հայրապետյանի խոսքով՝ առաջիկայում ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի Վարդան Մինասյանի հրաժարականի հետ կապված բոլոր հարցերին: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` հոկտեմբերի 21-ին  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը քննարկել է Հայաստանի հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ։ Նա հայտնել է, որ նոր ընտրական փուլում չի գլխավորի Հայաստանի հավաքականը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: «ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն հրաժարվել եմ առաջարկից՝  իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել հավաքականի ղեկը, սակայն այս պահին գերադասում եմ կարիերայիս այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ցանկանում եմ քննարկել դրանք»,- ասել է Վարդան Մինասյանը: 

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է 2013-ի հոկտեմբերի 31-ին: