ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսին քաջատեղյակ է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գործունեությունից, եւ վստահ է, որ արդյունավետ համագործակցություն կձեւավորվի ՀՀ դատախազության հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գեւորգ Կոստանյանի հետ հանդիօպման ժամանակ: Նշենք, որ Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ի. Գաշեն, տնօրենի տեղակալ Բ. Ուրումովան, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օ. Պավլյուկը:
Հանդիպմանը մասնակցել են էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ` Ա. Թամազյանը, Հ. Բադալյանը, Է. Բաբայանը:
Պարոն Կոստանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կարեւորում է համագործակցությունը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ` եւ որպես ՀՀ գլխավոր դատախազ, եւ որպես Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ:
Գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել կայուն ու բազմակողմ հիմքերի վրա շարունակելու համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Պարոն Գ.Կոստանյանը հյուրերին ամփոփ ներկայացրել է իշխանությունների կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնք իրականացվել են մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների երաշխիքների ապահովման գործում: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համերբերգի հետ համագործակցությունը:
Ն. Մուիժնիեկսին նշել է, որ իր այցը հետապնդում է ճանաչողական նպատակ:
ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրում էին մի շարք հարցեր` կապված զինված ուժերում զինծառայողների իրավունքների, այլընտրանքային ծառայության հետ կապված խնդիրների, դատաիրավական բարեփոխումների փուլում դատախազության լիազորությունների ու գործառույթների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը հյուրերին հանգամանալից ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաեւ առաջարկել ուղիղ կապ հաստատել Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ` տեղեկատվության արագ ու ժամանակին փոխանակման համար:





























