Վրաստանի ՆԳՆ-ն նախկին պաշտոնյաների է ձերբակալել՝ 2008թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին Խուրչա գյուղի մոտ ահաբեկչական գործողություն կազմակերպելու գործով, ասված է նախարարության հոկտեմբերի 22-ին տարածած հաղորդագրությունում:
Մասնավորապես, ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ-ի սահմանադրական անվտանգության Աբխազիայի գլխավոր վարչության նախկին պետ Ռոման Շամատավան եւ Հատուկ գործերի վարչության Սամեգրելո- Զեմո Սվանեթիի հատուկ միջոցառումների կենտրոնի նախկին աշխատակից Մալխազ Մուրգուլիան:
ՆԳՆ-ի տվյալով՝ 2008թ. մայիսի 21-ին Զուգդիդի շրջանի Խուրչա գյուղում հավաքվել էին Աբխազիայի Գալի շրջանի Նաբաքեւի գյուղի բնակիչներ, որպեսզի հանրային տրանսպորտով ուղեւորվեին Զուգդիդի եւ մասնակցեին խորհրդարանական ընտրություններին:
«Խուրչա գյուղում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար նշանակված ժամին թաքնված Ռոման Շամատավան եւ Մալխազ Մուրգուլիան համախոհների հետ իրարանցում են հրահրել խաղաղ բնակիչների շրջանում՝ հրազենային կրակոցներ արձակելով: Բացի այդ, Մալխազ Մուրգուլիան նռնականետի երկու կրակոցով պայթեցրել էր մարդկանց տեղափոխելու համար բերված ավտոբուսները», - ասված է հաղորդագրությունում:
Արդյունքում երկու ավտոբուս ոչնչացվել էր, իսկ խաղաղ բնակչուհի Նանի Քարդավան ծանր վնասվածքներ էր ստացել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
«Ահաբեկչական գործողությունից հետո դրա կազմակերպիչները փոխհատուցել էին վարորդների եւ տուժած բնակչուհու կրած վնասը՝ ՆԳՆ գաղտնի հատկացումներից», - ասված է հաղորդագրությունում:





























