Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվող շուրջ 30 փողոցների շարքում ամբողջությամբ բարեկարգվել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնանորոգման աշխատանքների շրջանակում բարեկարգվել է ճանապարհի շուրջ 64000 քմ հատվածը, նորերով են փոխարինվել 14000 գծմ եզրաքարերը, երկկողմանի հատվածներում նորոգվել է մայթերի շուրջ 14000 քմ ասֆալտբետոնե ծածկը: Մայթերի հարակից տարածքների կանաչապատման, մասնավորապես սիզամերգերի ձեւավորման նպատակով բուսահողի լիցք է կատարվել:
Տեղադրվել են նաեւ նոր, մայրաքաղաքի արտաքին ընդհանուր ձեւավորմանը համահունչ նստարաններ, որտեղ օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել իրենց հանգիստը վայելող տասնյակ Էրեբունցիների:





























