Հայաստանի բնակիչների երեք քառորդը կարծում են, որ երկրի պետական համակարգը կոռումպացված է: Այսպիսին են 2012թ. աշխարհի 129 երկրներում «Gallup» կազմակերպության անցկացրած ուսումնասիրության արդյունքները:

Ըստ հարցման արդյունքների՝ 108 երկրներում պատասխանողների մեծ մասը կոռուպցիան տարածված երեւույթ են համարել իրենց պետական համակարգում: 

Հարավային Կովկասի տարածաշրջանում կոռուպցիայի տարածվածության տեսանկյունից ամենաբարենպաստ միջավայրը Վրաստանում է: Այնտեղ միայն 25%-ն է ասել, որ պետական կառույցներում կառուպցիան խնդիր է:  Ադրբեջանում պատասխանողների կեսն ասել են, որ պետական համակարգը կոռումպացված է, իսկ Հայաստանում նման կարծիք է հայտնել 74%-ը:

«Gallup»-ը համեմատում է  տարբեր երկրներում հարցման արդյունքները, նշելով, որ կոռուպցիայն առնչվող հարցերի նկատմամբ բավական  բծախնդիր են խոսքի ազատությունը ճնշող երկրներում, հետեւաբար, այդ երկրներում գրանցված արդյունքները  կարող են վկայել, որ քաղաքացիները խուսափում են խոսել կոռուպցիայի մասին եւ քննադատել իշխանություններին:

Անազատ մամուլի երկրների խմբում ընդգրկված է նաեւ Հայաստանը, այս խմբում  միայն Ռուանդայի բնակիչներն են իրենց իշխանություններին կոռումպացված համարում:  Բելառուսում 36%-ն իր իշխանություններին կոռումպացված է համարում, իսկ Ռուսաստանում՝ 80%-ը:

Մասնակի ազատ մամուլով երկրների շարքում առավել լավատեսական է Վրաստանը, որը 25% արդյունքով վերջինն է այն երկրների ցուցակում, որոնք կոռուպցիան խնդիր են համարում: Նույն տասնյակում է նաեւ Թուրքիան. Այստեղ պատասխանողների  53%-ն ասել են, որ կոռուպցիան տարածված է պետական կառույցներում: