Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եղվարդ քաղաքի «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարան: Երկրի ղեկավարն այցելել է կոնյակի արտադրության գործարանները, զրուցել է անձնակազմի հետ եւ ծանոթացել ձեռնարկության զարգացման ծրագրերին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Գործարանի շինարարության ներդրումային ծրագիրը սկսել է իրականացվել 2009-ին: Գործարանն իր ակտիվ աշխատանքը սկսել է 2012թ: Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 80 մարդ՝ 178 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ինչպես լրագրողներին է հաղորդել ընկերության հիմնադիր ու սեփականատեր Սամվել Շահնազարյանը, 2011-ին ընկերությունն արտահանել է 107,8 հազար շիշ կոնյակ, 2012-ին՝ 746,2: Այս տարվա սկզբից արտահանումն արդեն կազմել է 524,5 հազար շիշ: «Պատրաստվում ենք ընդլայնել արտադրությունը եւ սպիրտի պահոցի հզորությունը հասցնել 5 միլիոն լիտրի»,-ընդգծել է Շահնազարյանը:
Հիմնականում արտադրանքն արտահանվում է ռուսական շուկա, որոշ չափով՝ նաեւ Ուկրաինա: Այս տարի մոտ 20 հազար շիշ ծավալով արտադրանք արտահանվել է նաեւ Ղազախստան:




























