Եգիպտոսի դատախազությունն այսօր ձերբակալել է չորս ոստիկանների, որոնք մեղադրվում են «Մահմեդական-եղբայրներ» շարժման 38 անդամների սպանության մեջ:
Հետաքննության տվյալներով՝ բոլոր 38 մարդիկ եղել են ավտոմեքենայում, երբ ոստիկաններն այնտեղ են նետել արցունքաբեր գազի արկ: Քանի որ նեղ տարածությունում նորմալ օդափոխություն չի եղել, նրանք բոլորն էլ կարճ ժամանակ անց շնչահեղձ են եղել:
ՆԳՆ-ն փորձել է այլ կերպ ներկայացնել իրավիճակը եւ նշել է, որ ոստիկանները արցունքաբեր գազը կիրառել են, քանի որ ձերբակալվածները փորձել են փախուստ կազմակերպել:
Սակայն դատախազությունն այլ եզրակացության է եկել, ինչից հետո ձերբակալություններ են իրականացվել, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Կահիրեում եւ մի քանի այլ քաղաքներում զանգվածային բախումները տեւել են մի քանի օր, ինչի արդյունքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, հազարավորները՝ բանտարկվել: Եգիպտոսի ներկայիս իշխանությունը արգելել է «Մահմեդական-եղբայրների» գործունեությունը, ձերբակալել շարժման առաջնորդներին ու սառեցրել նրանց ակտիվները: Կալանավորված է նաեւ երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին:





























