Իսպանական դատարանն ազատել է 55-ամյա Ինես դել Ռիո Պրադային՝ բասկյան ETA խմբավորման նախկին անդամին՝ ի կատարումն Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշման: Նրա համար իսպանական դատարանը նաեւ 30 հազար եվրո փոխհատուցում է պահանջել, գրում է El Mundo-ն:
ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն Իսպանիայի իշխանությունների գործողություններն ապօրինի է ճանաչել: Իսպանիայի իշխանությունները դատապարտյալի վաղաժամկետ ազատության վերաբերյալ վճիռ կայացնելիս առաջնորդվել էին ոչ թե օրենսդրությամբ, այլ դատարանի 2006թ. որոշմամբ, որը հայտնի է որպես «Պարոտի դոկտրինա»: Արդյունքում՝ 2008թ. վաղաժամկետ ազատման փոխարեն վճիռ էր կայացվել նրա ժամկետը երկարաձգել մինչեւ 2017թ., հայտնում է «lenta.ru»-ն:
Ինես դել Ռիոն կալանքի տակ է 1987թ.-ից: Նա դատապարտվել էր 3838 տարվա ազատազրկման՝ 19-24 մարդու սպանության համար: 2000թ. նրա համար առավելագույն պատժաչափը սահմանափակվել էր 30 տարով: Բանտում աշխատելով՝ նրան հաջողվել էր ժամկետը կրճատել ինը տարով: Սակայն 2008թ., երբ նա արդեն կարող էր ազատվել բանտից, իշխանություններն այդ ինը տարիները հանել էին ընդհանուր ժամկետից, այլ ոչ թե առավելագույնից:
Իսպանիայում նման վճիռ կայացնելու պրակտիկան ստացել է «Պարոտի դոկտրինա» անվանումը՝ բասկ անջատական Էնրի Պարոտի պատվին: Իշխանությունները փաստորեն վաղաժամկետ ազատությունը չեղյալ համարելուն համարժեք նման վճիռներ են կայացրել ETA-ի առնվազն 54 անդամի, այլ խմբավորումների ինն անձանց եւ 14 սովորական հանցագործների նկատմամբ:
ETA խմբավորումը 1959թ.-ից զինված պայքար էր մղում հանուն բասկերի անկախ պետության ստեղծման: 2011թ. հոկտեմբերին կազմակերպության առաջնորդները հայտնել էին զինված պայքարից հրաժարվելու մասին:





























