Ճապոնիայում զբոսաշրջային ընկերություն է բացվել փափուկ խաղալիքների համար: Ըստ պաշտոնական կայքի՝ փափուկ խաղալիքի ճանապարհորդությունը կարժենա 35-55 դոլար:

Տվյալ պահին հասանելի են զբոսաշրջային երեք երթուղիներ, գրում է  «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Japan Daily Press-ը:

Նման ծառայությունն ամենից առաջ նախատեսված է խաղալիքների այն տերերի համար, որոնք անձամբ ինչ-ինչ  պատճառով չեն կարող ճանապարհորդել: Խաղալիքների ճամփորդության գաղափարի հեղինակը  Սոնոե Աձուման է, որը խաղալիքների տերերին հնարավորություն է ընձեռում  հետեւել իրենց սիրելիներին՝ ուղարկելով խաղալիքների՝ ճանապարհորդության ընթացքում արված լուսանկարները: Ըստ նրա՝ դա կարող է օգնել տերերին իրենց  ճամփորդության մասնակից զգալու:

Համաձայն Metro հրատարակչության՝ անունը հայտնել չցանկացած կինը տեղի լրագրողներին հայտնել է, որ ի վիճակի չէր աշխարհում շրջագայել իրեն սայլակին գամած  հիվանդության պատճառով: Իր փափուկ «սաների» ճամփորդությանը հետեւելով՝ ինքն  ուժ է գտել հիվանդանոց դիմելու, եւ արդյունքում ոտքի է կանգնել: «Ես ցանկանում եմ այցելել այն բոլոր վայրերը, որտեղ եղել են իմ խաղալիքները»,– պատմել է նա: