Հայաստանի Տավուշի մարզում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) եւ Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):
Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա եւ հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:





























