Վարդան Սեդրակյանի պաշտպանի փոխարեն մենք պետք է բողոքեինք, քանի որ առաջին ատյանի դատարանը մինչեւ վերջ չգնաց: Այս մասին այսօր հոկտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառանալով էպոսագետ ներկյացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի վերաքննիչ բողոքին:
Նրա խոսքով, պետք է պահանջ ներկայացնեն, որ նրանք, ովքեր Սեդրակյանին հարյուր հազար դոլար են տրամադրել, որպեսզի այդ մարդիկ նույնպես հարցաքննվեն եւ պարզվի գումարի աղբյուրը:«Մենք նրանցից նաեւ միայն բուժման ծախսերն էինք պահանջում, այնինչ արտասահմանում տասնապատիկն էին պահանջում: Ամեն քաղաքացի մոտավորապես վեց դրամ է տվել իմ բուժման համար, ոմոնք սրտանց, ոմանցից էլ իրենցից անկախ է այդ գումարը վերցվել: Բայց ոչ մի քաղաքացի պարտավոր չէ հանցագործին ֆինասավորել: Հանցագործը պետք է իր հանցանքի համար պատասխան տա: Ու այդ հանցագործը միայն մի տարում հարյուր հազար դոլար պարտվել է վիվարոներում: Պետական մեղադրողը ինքը նման հայցով պետք է ներկայանար»,- ասաց ԱԻՄ նախագահը:
Պարույր Հայրիկյանը նաեւ նշեց, որ պետությունը բուժման համար խոստացված քսան միլիոնը չի տվել, այլ դրա մի մասին են տվել: «Հիմա նորից բուժման եմ գնում, ինչը ենթադրում է, որ նոր գումարներ են անհրաժեշտ: Հետեւաբար մենք այդ մասով եւս պետք է դիմեինք դատարան: Բայց ես պաշտպանիս խնդրել եմ , որ ժամկետներին չանդրադառնա, եթե տասնչորս տարին դարձնեն տասներկու տարի»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Սեդրակյանի մասով սպանության այլ գործերի մասին էլ տեղեկություններ ունի, բայց չգիտի երբեւէ կհրապարակի, թե ոչ: Հայրիկյանը շարունակում է նաեւ այն կարծիքին մնալ, որ պատվերը իջեցված էր ռուսական իմպերիալիզմի կողմից:
ԱԻՄ նախագահը շատ վիրավորված է Սեդրակյանի պաշտպանից եւ Ստյոպա Սաֆարյանից: «Ես կարդացի, երբ Սեդրակյանի պաշտպանը ասաց, որ իրեն ոչինչ այլեւս չի հետաքրքրում: Բա , եթե չի հետաքրքրում, այ ստոր արարած, ինչպե՞ս էիր համարձակվում ասել, թե Հայրիկյանի վրա կրակոց չի եղել: Չէ, որ դու տականք ես: Փաստաբան չես, յալ հանցագործություններն էիր պաշտպանում: Առանց այն էլ Բորդյուժան էլ էր նման լուրեր տարածում:Ես իրավունք ունեմ ամենախիստ խոսքերն ասելու բոլոր նրանց հասցեին, բոլոր սրիկաների հասցեին, ներառյալ Ստյոպիկ Սաֆարյանին, ովքեր ասում էին, թե կրակոց չի եղել: Դրանք բոլորը բոլշեվիկյան կեղտոտ ագենտներ են»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























