Հայաստանը գնում է օդային փոխադրումների ազատականացման ճանապարհով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետությունում Մրցունակ եւ Շարունակական Օդային Փոխադրումների Ծառայությունների Մատուցման Ապահովման Ծրագիրը»:
Տ. Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց հետեւյալը. «Այս հարցի շուրջ բուռն քննարկումներ եղան, իրարամերժ մոտեցումներ կան՝ ազատականացումից մինչեւ խիստ կարգավորում: Ազգային մրցունակության խորհուրդը ՀՀ նախագահի հանձնարարականով պայմանագիր կնքեցինք «Մաքքենզի» ընկերության հետ, որն աշխարհի լավագույն մասնագետներին վարձեց՝ ռազմավարությունը մշակելու համար: Այն երկու անգամ քննարկվել է Նախագաի մոտ, ներկայացվել է մանրակրկիտ հաշվետվություն: Ըստ մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է ՀՆԱ աճը եւ ստեղծելու է նոր աշխատատեղեր, օդային փոխադրումները դառնալու են հարմարավետ, գները նվազելու են»:




























