Երեւան Սիթի սուպերմարկետների տերը, անտեսելով ու արհամարհելով մեր ժողովրդին, օրենքին ու պետությանը, ապօրինի կերպով ձեռք է բերել հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան, դիտավորյալ կերպով քանդել է նրա մի մասը` կատարելով քրեական հանցագործություն, այդ տեղում ապօրինի կերպով կառուցել է սուպերմարկետ, որտեղ դարձյալ ապօրինի կերպով ծավալել է հասարակական առեւտրի գործունեություն: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի քարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«Սեփականատերը Ծածկած շուկայի վերակառուցման եւ նրա տեղում սուպերմարկետ կառուցելու համար չի ունեցել շինարարության թույլտվություն ու նախագիծ եւ այդ շինությունը շահագործում է առանց օրենքով սահմանված ավարտական ակտի, ինչպես նաեւ չունի այդ շինության նկատմամբ որեւէ իրավունքի մասին հավաստող պետական պաշտոնական փաստաթուղթ:
Բացի այդ` նշված սուպերմարկետի շենքը շինարարական նորմերին, այդ թվում` սեյսմիկ անվտանգության պահանջների մասով, համապատասխանության ստուգման չի ենթարկվել, ուստի վտանգավոր է այնտեղ գտնվող աշխատակիցների եւ հաճախորդների կյանքի ու առողջության համար:
Պետական եւ տեղական ինքնակառավարման պատկան մարմինների մի մասը` ի դեմս մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունների եւ քաղաքապետարանի, իրենց գործառույթները կատարել են միայն մասամբ: Նրանք ընդամենը հաստատել են այն փաստը, որ պատմամշակութային հուշարձան Ծածկան շուկան վնասվել է եւ նրա տեղում կատարված շինարարությունն ապօրինի է: Սեփականատեր օլիգարխն ընդամենը ենթարկվել է վարչական տույժի, սակայն վճարելով իր համար չնչին այդ գումարը, շարունակել եւ ավարտին է հասցրել հանցագործությունը:
Մինչդեռ իրավապահ մարմինները` ի դեմս դատախազության եւ ոստիկանության, որդեգրել են խեղկատակի, մեր ժողովրդին մոլորեցնողի եւ հանցագործին հովանավորողի ու պաշտպանողի վարքագիծ: Եվ, հանցագործությունը կանխելու փոխարեն այն հովանավորելով, իրենք նույնպես հանցագործություն են կատարում:
Բացի այդ` Երեւան Սիթի սուպերմարկետների տերը, օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին, շուկայից դուրս է մղում ու սնանկացնում փոքր եւ միջին խանութներին: Այդ խանութների սնանկացման հետեւանքով փակվում են հարյուրավոր աշխատատեղեր, իսկ դրանց տերերը կամ արտագաղթում են կամ էլ հայտնվում աղքատության ճիրաններում:
Ուստի Նախախորհրդարանը բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել մեր ժողովրդին ու պետությանը բացահայտ կերպով պատերազմ հայտարարած եւ մեր մշակույթը ոչնչացնող օլիգարխին պատկանող Երեւան Սիթի սուպերմարկետները եւ գնումներ կատարել մեզ հարազատ փոքր ու միջին խանութներից:
Նախախորհրդարանը կոչ է անում միանալ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու պայքարին եւ հիշեցնում, որ հուշարձանի ազատագրման եւ օլիգարխին համաժողովրդական ճնշման միջոցով պատժի ենթարկելու ու հնազանդեցնելու այս պայքարը ընդամենը հանուն հուշարձանի կամ մեկ օլիգարխի դեմ ուղղված պայքար չէ: Ծածկած շուկան մեր կեղեքված երկրի ու ժողովրդի, իսկ օլիգարխը` կեղեքիչ համակարգի մասերն ու խորհրդանիշներն են: Ուստի ազատագրելով հուշարձանը` մենք մասամբ ազատագրում ենք մեր երկիրն ու մեզ, իսկ պատժելով ու հնազանդեցնելով օլիգարխին` խարխլում ենք կեղեքիչ համակարգը` դրանով իսկ մոտեցնելով ընդհանուր ազատագրումը»,- նշել են հայտարարության հեղինակները:





























