Հայաստանի օդային փոխադրումների ոլորտի ազատականացումը կառաջացնի 1-2% տնտեսական աճ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Աճը, նրա կարծիքով, տեղի կունենա զբոսաշրջության եւ ծառայությունների աճի շնորհիվ, քանի որ ազատականացումը կնպաստի աիափոխադրումների գների նվազմանն ու որակի բարձրացմանը: Վ. Ավանեսյանի խոսքով՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ազգային փոխադրողները հազվադեպ են աշխատում շահույթով, եւ սովորաբար սուբսիդավորվում են պետության կողմից;
Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը նշեց, որ ազատականացումից հետո ցանկացած ավիաընկերություն, որ համապատասխանում է տեխնիկական որոշակի չափանիշների, անաարգել կստանա լիցենզիա: Չեն լինի սահմանափակումներ ոչ պարբերականության, ոչ ինքնաթիռների չափերի, ոչ ուղղությունների առումով: Չվերթների իրավունք ստանալու համար ավիաընկերությունների միջեւ մրցույթ չի անցկացվի:




























