Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի  հրամանով՝  չորեքշաբթի աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը չէր ցանկանում մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Շահբազյանը նշել էր, որ այդ հարցով պետք է դիմել Գլխավոր դատախազության լրատվական ծառայությանը:

Հարցին, թե դուք աշխատանքից ազատվելու դիմում եք ներկայացրել, ինչպես գրել էին լրատվամիջոցներում, նա այսպես է արձագանքել. «Ես այդ մասին կարդացել եմ լրատվամիջոցներում եւ պարզաբանում չեմ տալիս, առաջարկում եմ դիմել լրատվության բաժին»:

Դիտարկմանը, թե եթե աշխատանքից ազատվելու դիմում չեք գրել, ինչն է խանգարում հայտարարել այդ մասին, դատախազը նեղսրտել էր՝ ասելով, թե «դու արդեն բերանիցս խոսք ես քաշում»: