Սյունիքի մարզում Մեղրի-Երեւան ճանապարհին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի հետ կապված միջադեպի վերաբերյալ ռուսական ԱԴԾ-ի գեներալ լեյտենանտ Վլասովի պարզաբանումը խոսում է կամ դիտավորության, կամ ոչ պատշաճ կառավարման մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ ռուսական սահմանապահ զորքերը արձագանքել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակին:

Նրա խոսքով՝ այդ պատասխանում միանշանակ ասվում է, որ այդ ժամանակ, իրոք, որոշակի գործառույթ է իրականացվել սահմանապահ ծառայության կողմից, որոնք միտված են եղել անձի տեղաշարժման իրավունքի խոչընդոտմանը: «Խոչընդոտումը իրենք հիմնավորել են, իբր թե, օպերատիվ հետախուզական աշխատանքներ են  կատարել: Մենք ունենք մեր ձեռքի տակ պայմանագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որով, եթե նման գործառույթներ էլ պետք է իրականցվեն, ապա դա պետք է արվի ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ՝ Հայաստանի քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերին համապատասխան»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը եւ ավելացրեց, որ տեղի ունեցածն ապօրինություն է:

Նրա ներկայացմամբ՝ կան փորձաքննության արդյունքները, որտեղ ներկայացվել են ռուս սահմանապահների կողմից իրենց տեսախցիկը վնասելու չափը, սակայն իրենք պահանջում են, որ բարոյական վնասը եւս փոխհատուցվի:

«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ղեկավար Աննա Հակոբյանն էլ հայտարարեց, որ իրականում դա սադրանք էր, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է հարձակում գործեին անձեռնմխելի Զարուհի Փոստանջյանի վրա: Զարուհի Փոստանջյանը նաեւ ավելացրեց, որ այս պարագայում ԱԺ նախագահի դիրքորոշումը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն այս գործառույթների ներքո կորցնում է իր սուվերենությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ի երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ նրան ուղեկցողների մեքենան կանգնեցրել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները եւ խոչընդոտել Սյունիքում թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը: Սահմանապահները կոտրել են «Ժառանգության» անդամների տեսախցիկը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am