Դատախազությունը մանկապղծության համար դատապարտված  BBC-ի նախկին սպորտային մեկնաբան Ստյուարտ Հոլին 15 բռնաբարության եւ մեկ ոտնձգության նոր մեղադրանքներ է ներկայացրել:

The Guardian թերթը հայտնում է, որ դրանք վերաբերում են 1976-1981թթ., որոնց ընթացքում Հոլի զոհ էին դարձել երկու աղջիկ: Նրանցից մեկին բռնաբարել էր յոթ անգամ՝ 14-16 տարեկան եղած ժամանակահատվածում: Մյուսին ութ անգամ բռնաբարել էր եւ մեկ անգամ ոտնձգության ենթարկել 11-15 տարեկանում, հայտնում է «lenta.ru»-ն:

Մինչ նոր մեղադրանքներ ներկայացնելը, հայտնի էր դարձել, որ Հոլը զրկվել էր Բրիտանական կայսրության սպայական կոչումից, որը ստացել էր 2012թ.՝ ռադիոյում եւ հեռուստատեսությունում իր աշխատանքի, ինչպես նաեւ բարեգործության համար: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել էր Եղիսաբեթ  II թագուհին, գրում է Daily Express-ը:

2013թ. հունիսին Հոլը դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների համար, սակայն հուլիսին վերաքննիչ դատարանը պատիժն ավելացրել էր մինչեւ 30 ամիս: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 13 աղջնակների վրա 14 ոտնձգությունների մեջ՝ 1967 -1986թթ.: Նրա զոհերը եղել էին 9-16 տարեկան: Նա շոշափել էր աղջիկների կրծքերը եւ համբուրել  նրանցից ոմանց շուրթերը: Քանի որ Հոլը խոստովանել է մեղքը, նրա նկատմամբ հարաբերականորեն մեղմ դատավճիռ է կայացվել: