Արագածոտնի մարզում զինծառայողն, ալկոհոլի ազդեցության տակ, գիշերը ժամը 4-ին գնացել է կնոջը տեսնելու, բայց ուրիշի մուտքի դուռն է կոտրել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Արմեն Թ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի կայանի տեխնիկ, կոչումով սերժանտ, 2013թ. հուլիսի 27-ին, ժամը 04:00-ի սահմաններում, ցանկանալով հանդիպել իր կնոջը` Անուշ Օ.-ին եւ կարծելով, որ նա գտնվում է Աշտարակ քաղաքում Անահիտ Ա.-ի վարձակալած բնակարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է այնտեղ, մի քանի անգամ թակել է մուտքի դուռը, այնուհետեւ ուժգին հարվածել դռանը, որի հետեւանքով դռան փականը թուլացել է եւ բացվել: Դրանից հետո Արմեն Թ.-ն բնակարանատիրոջ կամքին հակառակ` ապօրինի մուտք է գործել նրա վարձակալած բնակարան:
Քրեական գործ է հարուցվել 147 հոդվածի 1-ին մասով (Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հոկտեմբերի 31-ին նշանակվել է դատական քննության օրը:





























