31-ամյա Հակոբ եւ 28-ամյա Գարիկ Կ.-երը մեղադրվում են «Մասիս ԲԿ» կենտրոնի գույքը ոչնչացնելու եւ մարդկանց ծեծելու մեջ: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 31-ամյա Հակոբ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի ընդունարանում խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է գույքի վնասումով եւ անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ:
Վերջինս իր եղբոր`28-ամյա Գարիկ Կ.-ի հետ միասին, վիճաբանության մեջ է մտել հիվանդանոցի բուժանձնակազմի հետ եւ շուրջ 15-20 րոպե տեւողությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքնե :
Նա ձեռքերով հարվածել է Գ. Գրիգորյանի դեմքին՝ նրան պատճառել թեթեւ վնաս, ձեռքերով հարվածել է Նինա Գրիգորյանի որովայնին, ուսերին, պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3 մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը եւ բնակավայրից չհեռանալու ստորագրություն: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























