Թուրք երաժիշտներից, նկարիչներից ու մտավորականներից կազմված խումբը հիմնել է «Գեզի» կուսակցությունը, որն այդպես է կոչվել ստամբուլյան հրապարակի անվամբ, որի հեռացման դեմ նախորդ ամառ տասնյակ հազարավոր թուրքեր փողոց էին դուրս եկել, գրում է Hurriyet-ը:

Քաղաքական նոր միավորումը գրանցվել էր Արդարադատության նախարարությունում դեռ հոկտեմբերի 1-ին, սակայն պաշտոնապես նրա ստեղծման մասին հայտարարել են միայն հոկտեմբերի 24-ին: Կուսակցության առաջնորդը 37-ամյա ռոք-երաժիշտ Ռեշիթ Ջեմ Քյոքսալն է: Նա արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում բոլորի ղեկավարի դերը ստանձնել, ովքեր ցանկանում են պահպանել այգին՝ նկատի ունենալով, որ բողոքը տարերային բնույթ էր կրում, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Իր նպատակները Քյոքսալը բնութագրել է հետեւյալ կերպ. «Մենք ի վերջո ցանկանում ենք ապրել ժողովրդավար երկրում: Մեր իրավունքները պաշտպանելու համար մենք փողոց ենք դուրս եկել: Այժմ ժամանակն է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին»: Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում «Գեզիի» պատգամավորները կպաշտպանեն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, անկախության ու արդարության իրենց գաղափարները:«Գեզիի» հիմնական նպատակը կլինի աշխատանքը երկրի նոր սահմանադրության ուղղությամբ, որը գործող սահմանադրությունից ավելի ժողովրդավար կլինի: Երաժիշտի խոսքով՝ առանց խորհրդարանական պայքարի այդ նպատական անհասանելի է: Խորհրդարանական ընտրությունները, որոնց պատրաստվում է «Գեզին» մասնակցել, տեղի կունենան 2015թ.-ին: