Պարզապես անբարոյական է ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների եւ սոցիալապես խոցելի այլ խմբերին ուղղված պետական ծախսումների հիմքում դնել մեր բյուջետային հնարավորությունների հիմնավորումը՝ «տալիս ենք այնքան, որքան այսօր հնարավոր է», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հիմքում դնել զարգացած երկրների փորձը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին:

«Քաղաքական ինչ տրամաբանություն է դրված այս օրինագծի հիմքում, մենք ի վերջո ինչ խնդիր ենք լուծում այս օրինագծով: Ցավոք, խնդրի վերաբերյալ իմ հարցադրմանը կոնկրետ որեւէ պատասխան չհնչեց: Իմ պատկերացմամբ դրանք կարող են լինել ընդամենը երկուս-երեքը՝ կամ մենք ցանկանում ենք լուծել սոցիալական խնդիր, այսինքն պետական պաշտոնյաները այսօր համարժեք չեն վարձատրվում, նրանք աղքատ են, չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքի խնդիրները եւ պետք է նրանց աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի նրանք չլինեն սոցիալապես խոցելի, այսպես ասենք, պարտքով չապրեն, կամ երկրորդ՝ կա պետական կառավարման արդյունավետության խնդիր¸ անարդյունավետ պետական կառավարման պատճառը ցածր աշխատավարձերն են եւ պետական պաշտոնյային պետք է բարձր վճարել, որպեսզի նա որակյալ որոշումներ կայացնի, զերծ լինի կոռուպցիոն հակումներից եւ արդյունավետորեն կատարի իր պարտականությունները: Մի կողմ եմ թողնում հնարավոր երրորդ տրամաբանությունը, որ պետական-հանրային ծառայությունը բարձր աշխատավարձերի պարագայում մասնավոր հատվածի հետ համեմատության մեջ կդառնա առավել գրավիչ եւ այդպերպ, հնարավոր կլինի որակյալ կադրեր ներգրավել պետական կառավարման համակարգ: Իմ տպավորությամբ, օրինագծի հիմքում այս երեք տրամաբանություններն էլ կա»,- նշել է Ֆարմանյանը:

Ըստ պատգամավորի, իրականությունից վերջնականապես չկտրված ցանկացած ոք կվկայի, որ պետական կառավարման համակարգի անարդյունավետության միակ կամ առաջնային պատճառն այսօր բնավ էլ ցածր աշխատավարձերը չեն: «Դրանք շատ ավելի խորն են, բազմաշերտ են, իմ պատկերացմամբ ածանցյալ են նաեւ մեր քաղաքական համակարգից, եւ դրանց լուծման ճանապարհին անհրաժեշտ են համալիր ու համաժամանակյա քայլեր, գործողությունների ճիշտ համադրում, մինչդեռ վարձատրության բարձրացումն այս պահին կլինի ընդամենը պետական միջոցների անարդյունավետ վատնում: Ոչինչ ավելին: Ճիշտ այնպես, ինչպես եղավ դատական իշխանության պարագայում: Բոլորս էլ հիշում ենք ժամանակին թեւածող թվացյալ երկաթյա հիմնավորումը, թե որպեսզի մեր դատարանները լինեն անկախ եւ առաջ մղեն արդարադատությունը, զերծ մնան կաշառակերությունից, պետք է նախեւառաջ աշխատավարձերը նրանց բարձրացնել: Աշխատավարձերը բարձրացրեցինք, բայց դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ հանրային զրո վստահություն դատական իշխանությունների նկատմամբ»,- նշել է Ֆարմանյանը:

Նա նաեւ հավելել է. «Հետեւաբար, միամտություն ու ինքնախաբեություն կլինի կարծել, թե կոռուպցիան, հովանավորչությունը, «ատկատը» անխախտ գործելաոճ դարձրած պետական բարձրաստիճան պաշտոնյային մեկ միլիոն դրամ կամ ավել աշխատավարձ վճարելով, նրանց դարձի կբերենք: Ու նաեւ, կտրականապես անընդունելի է պետական բաձրաստիճան պաշտոնյաների վարձատրության բարձրացման հարցում զարգացած ու հարուստ տնտեսություն ունեցող որեւէ երկրի փորձի վկայակոչումը: Պարզապես անբարոյական է ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների, թոշակառուների, հաշմանդամների եւ սոցիալապես խոցելի այլ խմբերին ուղղված պետական ծախսումների հիմքում դնել մեր բյուջետային հնարավորությունների հիմնավորումը՝ «տալիս ենք այնքան, որքան այսօր հնարավոր է», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հիմքում դնել զարգացած երկրների փորձը»

Ֆարմանյանը նշել է, թե քաղաքական իշխանությունը, պետական կառավարումը մեծ պատասխանատվություն է: «Բայց եկեք չմոռանանք, որ մեր երկրի պարագայում, այսօր, քանի դեռ ունենք աղքատության նման շեմ, հազար ու մի խնդիր, այն նախեւառաջ պետք է լինի Հայրենիքին ծառայություն մատուցելու պատրաստակամություն»,- ամփոփել է Ֆարմանյանը::