Մինսկում հոկտեմբերի 25-ին բացվել է ԱՊՀ գագաթաժողովը։ ԱՊՀ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել Համագործակցության տարածքում հանցավորության հակազդման հարցեր, տնտեսական կապերի խորացումը եւ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստությունները, ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Մինսկում հավաքվել են ԱՊՀ գրեթե բոլոր երկրների առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թուրքմենստանն ու Ղրղըզստանը վարչապետի մակարդակով են ներկայացված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նիստերը, ըստ ավանդույթի, կանցկացվեն նեղ եւ ընդլայնված կազմով՝պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Ռուսական պատվիրակությունում, մասնավորապես, ընդգրկված են առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ։