Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 103,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 106,2 մլրդ դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ այդմ, 2 ամսվա տվյալներով` առաջին եռամսյակի ծրագիրը կատարվել է եկամուտների մասով` 68,3 եւ ծախսերի մասով` 57,5 տոկոսով: Իսկ պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 14.3 եւ ծախսերի գծով` 12.6 տոկոսով:

Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21,8 տոկոսով: Այդ թվում, հարկային եկամուտները և պետական տուրքերն ավելացել են 19%-ով: ՀՀ պետական բյուջեն այս ընթացքում կատարվել է 3.0 մլրդ դրամ պակասուրդով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ 14.3 մլրդ դրամ պակասուրդով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի պակասորդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -7.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 58.6%-ը:

Այս ընթացքում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել: