Հայաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է  շաքարային դիաբետով հիվանդներին առանց ընդհատումների մատակարարել անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հոկտեմբերի 25-ին հանրապետության բուժհաստատություններին է հատկացվել ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին տրամադրվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակներն արդեն ստանում են ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։