Բարեգործական հիմունքներով պլաստիկ վիրահատություններ են կազմակերպվել Հայաստանում: Բարեգործական այս ակցիայի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս  ամռանը, երբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հան-նաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանի բժիշկների պատվիրակությունը Լոս Անջելեսում մասնակցում էին Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։

Համագումարի շրջանակներում նախարարն առանձին հանդիպումներ, քննարկումներ է ունեցել բոլոր նրանց հետ, ովքեր հանդես են եկել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական տարբեր ծրագրեր իրականացնելու առաջարկներով։ Արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Լոս Անջելեսում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ որոշում էր կայացվել, որ Գարտմենյանների ընտանիքի աջակցությամբ պլաստիկ վիրաբույժների մի խումբ հոկտեմբերի վերջին կայցելի Հայաստան եւ անվճար վիրահատություններ կկատարի մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում:

Եվ ահա, այս ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից (Հարվարդ, Բոստոն) ժամանած «Պլաստիկոս» հիմնադրամի 15 մասնագետից բաղկացած խումբը հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 2-ը «Արաբկիր» բժշկական համալիրում է։ 138 հիվանդի առաջնային խորհրդատվության արդյունքում պլաստիկ վերականգնողական վիրահատության կենթարկվի մոտ 40-ը (բնածին արատներով եւ հետայրվածքային սպիներով երեխաներ):

Բարեգործական ծրագրով Հայաստան ժամանած ամերիկացի մասնագետներին հանդիպելու նպատակով  այսօր «Արաբկիր» բժշկական համալիր այցելեցին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։