«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչների եւ տվյալ երկրները ներկայացնող անիմատորների հետ:
Կարեւորելով եւ գնահատելով փառատոնի դերն ու նշանակությունը` արդեն 5-րդ տարին է այս երկրների ներկայացուցիչները ժամանում են Հայաստան` մասնակցելու «ՌեԱնիմանիա» փառատոնին:
Նախորդ օրը տեղի էր ունեցել “Let’s Talk Animation 2013” ֆորումը, որն այս տարի անցկացվում է անիմացիայի միջազգային օրվան նվիրված: Այն հրաշալի հնարավորություն է Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ անիմացիոն ոլորտում համագործակցելու համար: «Մարանի»-ի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ անցկացվում է “Let’s Talk Animation” ֆորում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաեւ նրանով, որ այն ընդլայնում է իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:




























