Վերջին երկու տարում երեք հայ ուսանողներ դարձել են ԱՊՀ-ում «Կասպերսկիի լաբորատորիա» «IT Security for the Next Generation» ուսանողական կոնֆերանսի տարածաշրջանային փուլի մրցանակակիրներ
Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերության կրթական ծրագրերի վարչության ղեկավար Վենիամին Գինոդմանը: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա կոնֆերանսում տարածաշրջանային փուլում մրցանակակիր է դարձել եւս մեկ հայաստանցի ուսանող՝ Տաթեւիկ Բաղդասարյանը, ով սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
«Իսկ այս տարի տարածաշրջանային կոնֆերանսում, որն անցկացվել է Երեւանում, երեք մրցանակակիրներից երկուսը հենց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից են, երրորդը՝ Կրասնոյարսկից»,-նշել է Գինոդմանը:
Ուսանողական կոնֆերանսի համաշխարհային եզրափակիչներում հայ ուսանողները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել: «Բայց գիտեք, ես կարծում եմ, որ դա այնքան էլ կարեւոր չէ: Սա հիասքանչ եզրափակիչ էր: ԱՊՀ երկրների ուսանողները կարողացան շփվել ամերիկացի, բրիտանացի, գերմանացի եւ այլ երկրներից եկած իրենց հասակակիցների հետ, կիսեցին իրենց գաղափարները: Նման երիտասարդության վրա մենք միշտ ուշադրություն ենք դարձնում»,-նշել է Գինոդմանը:




























