Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, այցելել է կայանի բժիշկ Արմեն Մկրտչյանին, ով ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ կանչի մեկնելիս վթարի էր ենթարկվել։
Փոխնախարարը փոխանցել է նախարար Դումանյանի պատրաստակամությունը վթարից տուժված բժշկի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ մասնագիտական օգնություն կազմակերպելու հարցում։
Վահան Պողոսյանը մանրամասն ծանոթացել է Արմեն Մկրտչյանի առողջական խնդիրներին։ Որոշվել է կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կոնսիլիում` նրա առողջական վիճակը գնահատելու եւ բուժման հետագա գործողությունները հստակեցնելու նպատակով։ Արդյունքները կքննարկվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի ճանաչված մասնագետների հետ։
Թագուհի Ստեփանյանը փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը բժշկի սոցիալ-կենցաղային խնդիրներին լուծումներ գտնելու գործում։
Նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն նաեւ վթարի ենթարկված հերթապահ խմբի բուժքրոջն ու վարորդին։
Նշենք, որ «168 ժամ» թերթը հոկտեմբերի 27-ին ներկայացրել էր բժշկի անօգնական վիճակի մասին, որից հետո Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարար Դումանյանի, հիշել է իր նախկին աշխատակցի մասին:





























