Հայաստանի Վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. եւ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների, որոնք վերաբերում է Երեւանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը: Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարեւ Երեւան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, եւ բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:
Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք հետ վերադարձնելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման եւ իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով:





























