Սիբիրյան խոցով վարակված անձի միս գնած խանութից վերցրած նմուշների մեջ որեւէ հարուցիչ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նա նշեց, որ փորձաքննության պատասխանը եկել է,  խանութից վերցված մսամթերքի ոչ մի նմուշի մեջ սիբիրյան հիվանդության չի ախտորոշվել: Թե ինչից կարող է լինել սիբիրյան խոցի աղբյուրը, Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ եթե նա քաղաքաբնակ չլիներ, հնարավոր է հողային աշխատանքներից լիներ, բայց այդ տարբերակը բացառվում է,  այժմ քննարկում եւ վերլուծում են մնացած տարբերակները:

Խնդիրն այն է, որ հիվանդը այդ խանութից միս է գնել հոկտեմբերի 19-ին, սակայն սիբիրյան խոցը հայտնաբերվել է ուշ, իսկ ծառայությունը խանութ է գնացել հոկտեմբերի 26-ին եւ շատ հնարավոր է, որ արդեն վարակի աղբյուր հանդիսացած միսը սպառված լիներ: Բայց մյուս կողմից էլ Հովհաննես Մկրտչյանը շեշտում է, որ «եթե այդտեղ հիվանդությունը մտած լիներ, պարագաներով շփված կլիներ եւ փորձաքննությունը ցույց կտար որեւէ բան»: Դրանից բացի՝ հիվանդի տան պարագաներից եւս քսուքներ են վերցրել:

Ի դեպ, սիբիրյան խոցով վարակված անձը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը շարունակում է տանը:

Այժմ աշխատանքներ են տանում, որպեսզի խանութի մսամթերքի բաժնի աշխատանքը վերականգնվի, ավելի վաղ այն կասեցվել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձեւ)» նախնական ախտորոշումով:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:

Վարակի աղբյուրի պարզաբանման  նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման  եւ հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել եւ շարունակվում են իրականացվել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ՝ կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել, որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են։